ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում գնալ Արցախ․ այդ խումբը կա, բայց կարո՞ղ է գործել, թե՞ ոչ, կախված է նաև մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից, որն այսօր ՀՀ-ն չունի․ Է․ Մարուքյան (տեսանյութ)
Արդեն ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղել, և ոչ միայն թուրքերի հետ բարեկամության թեման է դրա մասին խոսում, այլև այն, որ ամեն պատերազմից հետո որպես պետություն խելքներս գլուխներս չենք հավաքում և մեր ներքին «տնային աշխատանքը» լավ չենք կատարում, այստեղ է խնդիրը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հիմա մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք, որովհետև առանց դրա մենք բանակը չենք կարող վերականգնել, մեր նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, անհետ կորածներին չենք կարող վերադարձնել, հաշմանդամություն ունեցողների խնդիրները չենք կարող լուծել, ոչ մի բան չենք կարող անել»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին են խոսում այս ժամանակահատվածում, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց, որ իր կարծիքով՝ այս ժամանակահատվածում չպետք է ո՛չ բարեկամությունից խոսել, ո՛չ էլ ծայրահեղ թշնամություն քարոզել, այլ պետք է «տնային աշխատանքը» լավ կատարել։
«Եթե դու ուժեղ ես, քեզ հետ բոլորը կուզենան բարեկամություն անել, եթե թույլ ես, բոլորն աչք են գցելու քո եղածի վրա և փորձելու են տիրանալ դրան, հետևաբար այդ խոսակցություններից դուրս պետք է երկիրը վերականգնել, հզորանալ»,-ասաց նա։
Հարցին՝ իսկ պարզունակ չե՞ն մոտեցումները, որ երբ մենք ընկալում ենք թշնամի, մեզ են ընկալում թշնամի, մենք ավելի ենք թշնամի համարում, իրենք՝ ավելի, Մարուքյանն ասաց, թե իրականությունն այն է, որ այդ հայտարարությունն արվել է ոչ միայն Թուրքիայի, այլև ներքին սպառման համար՝ որպես քաղաքական թիմ։ «Այսինքն՝ եթե մեր քաղաքական օպոնենտները մեզ թշնամի են համարում, ուրեմն՝ մենք էլ իրենց ենք թշնամի համարում, ես այդպես էլ եմ ընկալել»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, Մարուքյանն ընդգծեց՝ ՀՀ-ն երբեք ոչ մեկի հետ սահման չի փակել, ՀՀ-ի սահմանները միակողմանի փակել են։ «Մինչև ՀՀ տնտեսությունը, օրենսդրությունը պատրաստ չլինի նման իրավիճակի, մենք չենք կարող նման քայլի գնալ։ Բայց սահմանների բացման մասին էլ խոսակցություն չկա, մեզ մոտ եղած խոսակցություններ են, ո՞նց եք պատկերացնում սահման բացել, հարաբերություն ստեղծել մի երկրի հետ, որն ասում է՝ միջազգային ներդրողներին հրավիրում եմ Զանգեզուրում՝ Ադրբեջանի պատմական հողերում ներդրում անելու»,-ասաց նա։
Անդրադառնալով անվտանգային հարցերին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Մարուքյանն ասաց, թե այդ ձևաչափը գործում է, բայց խնդիրներ կան։
«Համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև կողմերը տարբեր պայմաններ ունեն, մինչև այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարող այցելել, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ Աղդամով կամ ուրիշ ճանապարհներով այցելեք։ Այդ խումբը կա, բայց այն կարո՞ղ է գործել, թե՞ ոչ, կախված է նաև մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից, որն այսօր ՀՀ-ն չունի։ Այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը «կուչուհուպ» եկած է, որը ես քաղաքականություն էլ չէի անվանի։ Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունքն է , որ պատերազմը սկսվել է»,-ասաց նա՝ նշելով, որ հիմա Արցախի տարածքի մեծ մասն օկուպացված է, բայց մինչև այդ հարցը կան ուրիշ հարցեր, օրինակ՝ գերիների վերադարձ։
Մանրամասները՝ տեսանյութում։










