Դատախազները առարկում են  Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը (տեսանյութ)

17:36 • 02.04.21

19։09

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։

 


19։00

Մեղադրող կողմը առարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդում է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։

Մեղադրող կողմը գտնում է, որ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները պետք է վերացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցները ենթակա չեն փոփոխման, քանի որ նրանք անցնում են նաև կաշառք ստանալու գործով։

17։36

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կայանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը:

Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։