Համաշխարհային տերությունները կքննարկեն Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի հարցը. Al Jazeera
Եվրամիությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի կողմերի ներկայացուցիչներն առցանց հանդիպման ընթացքում համաձայնագրին ԱՄՆ-ի հավանական վերադարձին վերաբերող հարցեր կքննարկեն, հայտնում ՝ Al Jazeera լրատվականը և հավելում, որ Վաշինգտոնը ողջունել է այս քայլը։
ԱՄՆ-ի նոր վարչակազմի ղեկավարը փորձում է Իրանին ներգրավել բանակցություններում՝ որպեսզի երկու կողմն էլ վերականգնեն համաձայնագրով սահմանված իրենց պարտավորությունները, համաձայն որոնց` Միացյալ Նահանգները պետք է վերացնի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, իսկ Իրանը սահմանափակի իր միջուկային ծրագիրը։
«Մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային համաձայնագրին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձի հեռանկարը և բոլոր անդամների կողմից համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կատարումն ապահովելու եղանակը», - ասված է ԵՄ-ի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: ԱՄՆ նախագահը ասել էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով համաձայնագիրը: Նա նաև հայտարարել Էր Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, որոնք հանվել էին համաձայնագրի կնքումից ի վեր:
Սակայն նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018 թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը:
Չորեքշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Բայդենի վարչակազմի խոսքերը գործողության չեն վերածվել, և որ իր երկիրն ԱՄՆ-ից «լուրջ ջանքեր» չի տեսել:










