«Մեր երկրների միջև ինտեգրացիոն փոխգործակցության ճանապարհին առաջին նշանակալի քայլը». Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Միութենական պետության ստեղծման օրվա կապակցությամբ

11:39 • 02.04.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ հեռագիր է հղել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նշելով, որ Միութենական պետության մեխանիզմները ապահովում են բարձր մակարդակի համագործակցություն Մոսկվայի և Մինսկի միջև տարբեր ոլորտներում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

«Քառորդ դար առաջ Ռուսաստանի և Բելառուսի միջև ստորագրվել է Միութենական պետության  ձևավորման մասին պայմանագիրը, որը դարձել է առաջին նշանակալից քայլը մեր երկրների միջև ինտեգրացիոն փոխգործակցության ճանապարհին: Այդ ժամանակից ի վեր շատ բան է արվել ռուս-բելառուսական  հարաբերությունների ամրապնդման համար: Միութենական պետության մեխանիզմները ապահովում են երկկողմ համագործակցության բարձր մակարդակ քաղաքական-տնտեսական, մարդասիրական և շատ այլ ոլորտներում: Մոսկվան և Մինսկը համակարգում են ջանքերը միջազգային ասպարեզում՝ զգալի ներդրում ունենալով Եվրասիայում կայունության և անվտանգության ապահովման գործում»,- ընդգծել է ՌԴ նախագահը: 

Միևնույն ժամանակ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն արդյունավետ համատեղ աշխատանքը՝ կառուցողական դաշնակցային հարաբերությունների ողջ շրջանակը զարգացնելու համար: