ՌԴ-ում 9 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացին նախկինում ծառայել է Օբամայի պահակախմբում. CNN
Ռուսաստանում ոստիկանների վրա հարձակման համար դատապարտված ամերիկացի Թրևոր Ռիդը ծառայել է նախագահական պահակախմբում՝ ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:
Այս մասին CNN-ին հայտնել են դատապարտյալի ծնողները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռիդի ծնողները որոշել են առաջին անգամ խոսել նրա ռազմական անցյալի մասին, քանի որ, նրանց կարծիքով, դա է նրա կալանավորման իրական պատճառը:
«Մենք կարծում ենք, որ սա այն հիմնական պատճառներից մեկն է, որի համար ռուսները նրան բերման են ենթարկել», - ասել է Ռիդի հայրը և հավելել՝ իր որդուն ԱՄՆ-ում ծառայության առնչությամբ հարցաքննել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Նրա ծնողների խոսքով՝ Թրևորը ծառայել է ծովային հետևակի ստորաբաժանումում, որն ապահովել է նախագահի անվտանգությունը Վաշինգտոնում և Քեմփ Դևիդ նստավայրում:
Հիշեցնենք՝ անցյալ ամառ ամերիկացի ուսանող Թրևոր Ռիդը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Ռուսաստանում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման համար: Հետաքննության համաձայն՝ 2019 թվականի օգոստոսին Մոսկվա ժամանած ԱՄՆ քաղաքացին փողոցում ծեծկռտուք է արել երկու կնոջ հետ, որի հետևանքով դեպքի վայր է ժամանել ոստիկանության պարեկային ծառայությունը:
Այնուամենայնիվ, երիտասարդը չի հանդարտվել, որի հետևանքով իրավապահները նրան տարել են բաժին: Ճանապարհին նա հարվածել է մի ոստիկանի և հարձակվել է մեքենան վարող մեկ այլ ոստիկանի վրա:
Մեղադրող կողմի խոսքով՝ ծեծկռտուքի պատճառով ոստիկանության մեքենան հազիվ է խուսափել վթարից: Դատարանը հաստատաել է, որ ուսանողը հանցագործությունը կատարել է հարբած վիճակում: Դատավճռի հրապարակումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, Թրևորը խոստացել է այլևս օղի չխմել:
Ավելի վաղ Ռիդի ընտանիքը հայտարարել էր, որ Ռուսաստանում իրենց որդու դեմ հարուցված գործի ապացույցները համարում են «շինծու կամ չափազանցված»: Մարտին Մոսկվայի քաղաքային դատարանը, բողոքարկման քննարկման շրջանակներում, նշանակել էր Ռիդի ստացիոնար հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն:










