Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստվելուց հետո 27 մարդու մոտ կողմնակի բարդություններ են առաջացել
Վրաստանում 27 մարդու մոտ կողմնակի բարդություններ են առաջացել AstraZeneca և Pfizer դեղամիջոցներով հակակորոնավիրուսային պատվաստում ստանալուց հետո: Ապրիլի 1-ի դրությամբ դրանք միակ դեղամիջոցներն են, որոնք Վրաստանի տարածքում օգտագործվում են Covid-19-ի դեմ պատվաստվելու համար, գրում է iz.ru-ն:
Երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, վարչությունը կոչ է արել երկրի բնակիչներին չհրաժարվել պատվաստումներից, քանի որ նման քայլը Վրաստանում կարող է հանգեցնել կորոնավիրուսի երրորդ ալիքի:
«Դրանցից չորսն (կողմնակի բարդությունները,- խմբ.) այնպիսի դեպքեր էին, երբ ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն կար, 3 դեպքում անհրաժեշտ էր հոսպիտալացում, իսկ 2 դեպքում՝ վերակենդանացում», - ասել է Գամկրելիձեն առցանց ճեպազրույցի ժամանակ:
Առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե երկու դեղերից որն է առաջացրել նմանատիպ կողմնակի ազդեցություն:
Նշվում է, որ երկրում իմունիզացիայի մակարդակը սկսել է անկում ապրել բուժքրոջ մահից հետո, որը, ենթադրաբար, մահացել էր պատվաստմանը հաջորդած անաֆիլակտիկ շոկից հետո:
Հիշեցնենք՝ մարտի 19-ին՝ բուժքրոջ մահից հետո, Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել AstraZeneca-ով բնակչության պատվաստումը պոլիկլինիկաներում և շարունակել այն միայն բազմապրոֆիլային հիվանդանոցներում:
Վրաստանի Ախալցխա քաղաքում 27-ամյա բուժքրոջ մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 19-ին: Դրանից առաջ հաղորդվում էր, որ կինը կոմայի մեջ էր ընկել AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի րոպե անց: Նրա վիճակը գնահատվել է ծանր: Պատվաստումից հետո, ինչպես պատմել են հիվանդանոցում, նրա մոտ առաջացել է անաֆիլակտիկ շոկ:










