Նամիբիայի նախագահը հայտնվել է ձկնորսության ոլորտի հետ կապված կոռուպցիոն սկանդալում

10:48 • 03.04.21

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնի և The Namibian թերթի կողմից հրապարակված հետաքննության համաձայն` Նամիբիայի նախագահը ներգրավված է ձկնորսության ոլորտում առկա կոռուպցիոն գործողություններում, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը և հավելում, որ այն կոչվում է Fishrot սկանդալ։

Հետաքննության համաձայն` Նամիբիայի նախագահ Հեյգ Գինգոբն իր մերձավորներին հանձնարարել է  միլիոնավոր դոլարներ յուրացնել պետական ձկնորսական ձեռնարկությունից՝ իշխող «Հարավ-Արևմտյան Աֆրիկայի ժողովրդի կազմակերպություն» կուսակցության 2017 թվականի համագումարում ընտրողներին կաշառելու համար։

Երկրի նախագահը Fishcor պետական ձկնորսական ընկերության նախագահին խնդրել է ստեղծել բարդ կորպորատիվ կառուցվածք`երկրի համար շահութաբեր ձկնորսական ռեսուրսներից ստացված պետական միջոցները փոխանցելու համար:

Ըստ տեղեկությունների Նամիբիայի նախագահը, որը ընտրվել է 2014 և վերընտրվել 2019 թվականներին, ստեղծել է հատուկ սխեմա, որի միջոցով 2017 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի նոյեմբերը 4․5 միլիոն դոլար է փոխանցվել։