Զանգում ասում էր՝ գիտե՞ս՝ իմ ձեռքով ինչքան թուրքի անուն է գրվել քարին, վստահ էր, որ հաղթելու ենք, որ հետ է գալու. պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանը հետմահու պարգևատրվեց (տեսանյութ)
Նա ուրախությամբ և հպարտությամբ է մարտնչել, նա տարերքի մեջ է եղել և պայքարել է հանուն իր հայրենիքի: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը:
Նշենք, որ Եռաբլուրում այսօր Հայկազ Զավենի Մկրտչյանը հետմահու պարգևատրվեց ՀՀ նախագահի կողմից մարտական ծառայության հերթապահության շքանշանով: Պարգևատրման արարողությունը կազմակերպել էր 3-րդ բանակային կորպուսը, Հայկազ Մկրտչյանը կռվել է 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղությամբ, վիրավորվել է Կարմիր շուկայում, որից հետո մահացել է: Նշենք նաև, որ նա մասնակցել է նաև հուլիսյան մարտերին:
«Պատերազմի օրերին գրեթե ամեն օր զրուցում էինք, զանգում էր, նամակներ գրում, ասում էր՝ գիտե՞ս՝ ինչքա՜ն թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով, ես շատ ուժեղ եմ, մեր գունդը շատ ուժեղ է, և ասում էր՝ հաղթելու ենք: Եղբայրս ավելի քան վստահ էր՝ հետ է գալու, միշտ տրամադրությունը բարձր է եղել, և երբ նայում եմ նկարներին, տեսնում եմ ՝ կայծը աչքերից չի հեռացել»,- ասաց քույրը:
Նա նաև նշեց՝ եղբայրը երջանիկ մարդ է եղել և ունեցել է շատ երազանքներ, որոնց հետ մեկտեղ կարողացել է ապրել և վայելել իր կյանքի ամեն օրը:
«Նա և՛ տանը, և՛ շրջապատում միշտ զվարթ մարդ է եղել, որը միշտ ժպիտը դեմքին է քայլել, իսկ ծառայության ընթացքում էլ ավելի ուրախ է եղել, պատերազմի ժամանակ էլ կարծես իր տարերքի մեջ է եղել և այնպես հպարտությամբ, ուրախությամբ է մարտնչել: Նա մեծ երազանք ուներ՝ պետք է ճանապարհորդեր, տարբեր երկրներ գնար»,- նշեց նա:
Հայկազ Մկրտչյանի մայրն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ հուլիսյան գործողությունների ժամանակ տղան զանգահարել էր, որ հրաժեշտ տար:
«Հետո խոստովանեց, որ զանգել էր՝ հրաժեշտ տալու, քանի որ բավականին ծանր իրավիճակ էր: Սեպտեմբերին սկսվող գործողությունների ժամանակ տեղը չէր գտնում ու ասում էր՝ մենք այստեղ նստենք, իսկ տղաները մարտնչե՞ն առանց մեզ, մեր պարտքն է գնալ Արցախ»,- պատմեց Հայկազ Մկրտչյանի մայրը:
Հիշելով վերջին զրույցը որդու հետ՝ նա ասաց․ «Զոհվելուց մեկ ժամ առաջ եմ խոսել նրա հետ, ասաց՝ շատ հոգնած է, իսկ հետո իմացանք, որ ծանր առաջադրանք է ունեցել, մոտ 40 կիլոմետր տարածք են պահել այդ օրը: Ասաց՝ շատ հոգնած է, հանգստանա ու կզանգահարի: Եթե տղաս ողջ լիներ՝ նա չէր կարող հանդուրժել այս իրավիճակը, հաստատ չէր հանդուժի»:
Հայկազ Մկրտչյանի մայրը, անդրադառնալով իշխանությունից պատասխան պահանջելու մասին հարցին, ասաց, որ իշխանությունից, բացի հրաժարականից, շատ այլ բաներ է պահանջում։ Ըստ նրա՝ եթե որդին ողջ լիներ, ապա չէր ընդունի այն, ինչ կատարվում է, իրավիճակը ուղղակիորեն անհանդուրժելի է:










