Համացանցում հայտնվել է Նավալնիի մասնակցությամբ բանտում արված տեսանյութ

13:47 • 03.04.21

Ռուսական Life լրատվական կայքը տեղեկացրել է, որ համացանցում հայտնվել է տեսանյութ Վլադիմիրի մարզի բանտերից մեկից, որտեղ իր պատիժն է կրում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Տեսանյութը բանտի հսկիչ տեսախցիկից է վերցված և թվագրված է մարտի 26-ին։ Կայքը նշել է, որ Նավալնին «քայլում է հանդարտ և վստահ»։

Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը Open Media լրատվականին ասել է, որ քաղաքական գործչի կողմնակիցները չեն բողոքելու, քանի որ անօգուտ է և նշել, որ նման տեսագրությունների տարածումը անօրինական է։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մարտի 31-ին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով բժիշկ կանչել, քանի որ ոտքն ու մեջքը ցավում են և գիշերային ստուգումների ու խաշտանգումների հետևանքով չի կարողանում քնել։ Քրեակատարողական դաշնային ծառայությունն իր կայքի միջոցով տեղեկացրել է, որ Նավալնին ստանում է բժշկական ցուցումներին համապատասխան օգնություն։

Գաղութում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում Նավալնին վեց նկատողություն է ստացել:

Ապրիլի 1-ին RT-ի աշխատակից Մարիա Բուտինան այցելել է բանտ՝ ռեպորտաժ նկարահանելու համար, հայտնում է meduza.io-ն: Լրագրողը նշել է, որ Նավալնին «բավականին նորմալ տեսք ունի և նման չէ այն մարդու, որին «թույլ չեն տալիս քնել»»: