Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դուրս է գրվել հիվանդանոցից  

17:57 • 04.04.21

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, քաղաքական գործիչն այսօր լքել է մայրաքաղաքի հիվանդանոցը, ուր տեղափոխվել էր մարտի վերջերին՝ բուժզննում անցնելու նպատակով:

«Ես ինձ ավելի լավ եմ զգում, սակայն մի քանի օր պետք է շարունակեմ բուժումը տանը: Ընտրությունների, թեկանծուների մասին կխոսեմ առաջիկա օրերին, երբ լիարժեք վերադառնամ իմ գործունեությանը»,- հայտնել է 42-ամյա Կալաձեն լրագրողների հետ զրույցում:

Կալաձեի մոտ ավելի վաղ վեստիբուլոպատիա (վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խախտում) էին ախտորոշել: Բժիշկները կարծում են, որ առողջական խնդիրները կապված են Թբիլիսիի քաղաքապետի լարված աշխատանքային գրաֆիկի, ինչպես նաև նրա մարզական անցյալի հետ:

Կալաձեն դեռևս չի հայտնել՝ մտադիր է արդյոք մասնակցել քաղաքապետի ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան 2021 թվականին: