«Պատվաստվելու պատճառով ոմանց մոտ բարդություններ են առաջացել». Delta Airlines-ն անձնակազմի սակավության պատճառով շուրջ 100 չվերթ չեղյալ է հայտարարել

10:20 • 05.04.21

Delta Airlines ամերիկյան ավիաընկերությունն աշխատակազմի սակավության պատճառով ապրիլի 4-ին չեղյալ է հայտարարել շուրջ 100 չվերթ, գրում է Associated Press-ը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներում վերջին շրջանում ուղևորափոխադրումների ծավալը մի քանի անգամ ավելացել է և հասել մակարդակների, որոնք գրանցվել էին մինչև կորոնավիրուսային համավարակի սկիզբը:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր փոխադրողներն են կարողացել անհապաղ արձագանքել դրան և բարձրացնել իրենց կրողունակությունը:

«Delta-ն խնդիրներ է ունեցել»,- հայտնել են ընկերությունից և մանրամասնել, որ ներկայում շատ աշխատակիցներ պատվաստվում են COVID-19-ի դեմ:

«Ոմանց մոտ բարդություններ են առաջացել: Այս առնչությամբ ավիափոխադրողը ստիպված է եղել վերացնել ինքնաթիռներում նստատեղերի միջին շարքը լրացնելուց հրաժարվելու պրակտիկան»,- բացատրել են ընկերությունից:

Հիշեցնենք՝ միջոցը ներկայացվել էր անցյալ տարի՝ ուղևորների միջև սոցիալական հեռավորություն ապահովելու համար, և Delta Airlines-ը պատրաստվում էր այն չեղյալ հայտարարել մայիսի սկզբին, երբ ընկերության ենթադրություններով, ուղևորների մեծ մասը պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին ստացած կլիներ: 

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում, ավիափոխադրումների ծավալի կտրուկ կրճատման ֆոնին ընկերության ղեկավարությունը ստիպված էր խնդրել 20 հազար բորտուղեկցորդուհիներից 3000-ին առանց վարձատրության արձակուրդ գնալ: