Հորդանանի կառավարությունը նախկին թագաժառանգին մեղադրել է «պետության դեմ դավադրությանը» մասնակցելու համար

14:51 • 05.04.21

Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի տակ է՝ թագավորությունում «անվտանգության և կայունության» դեմ ուղղված գործողությունների մեղադրանքով, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել է, որ արքայզնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։

Արքայազնն իր փաստաբանի միջոցով բրիտանական BBC լրատվականին հաղորդել է, որ գտնվում է տնային կալանքի տակ և նշել, որ ոչ մի կապ չունի պետական դավադրության վերաբերյալ լուրերի հետ՝ շեշտելով, որ ինքը «պատասխանատու չէ պետական ղեկավարման փլուզման, կոռուպցիայի և անկարողության համար»։ Համզա բեն Հուսեյնն ասել է․ «Հորդանանում այլևս հնարավոր չէ կարծիք արտահայտել և քննադատել իշխանություններին առանց վախի, հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու: Հորդանանի իշխանությունները կարծում են, որ իրենց անձնական և ֆինանսական շահերն ու կոռուպցիան ավելի կարևոր են, քան կյանքը, արժանապատվությունն ու ապագան: Այստեղ ապրող տաս միլիոն մարդ գլորվել է կոռուպցիայի, նեպոտիզմի և վատ կառավարման անդունդը»:

Հորդանանի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` դավադրության գործով ձերբակալվել է 14-ից 16 մարդ՝ այդ թվում ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահն ու թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան բն Զաեդը: Միևնույն ժամանակ, բանակի հրամանատարությունը հերքել է նախկին թագաժառանգ արքայազն Համզայի ձերբակալման մասին տեղեկությունը:

Համզան Հորդանանի ներկայիս Աբդուլլահ Առաջին թագավորի կրտսեր խորթ եղբայրն է և նախկին թագավոր Ալ Հուսսեյն Առաջինի և նրա 4-րդ կնոջ՝ Նուր թագուհու առաջնեկը։ 2004 թվականին, գահ բարձրանալուց 5 տարի անց, Աբդուլլահ թագավորը արքայազն Համզային զրկել է «թագաժառանգ» տիտղոսից՝ նշելով, որ այն համադրելի չէ իր ստանձնելիք պաշտոնների հետ։ Երկուսի միջև հարաբերություններում ոչ մի բացահայտ մրցակցություն առ այսօր չի եղել։ 

Լոնգ Այլենդի համալսարանի քաղաքագիտության դոցենտ Դալիա Ֆահմին ասել է, որ վերոնշյալ քաղաքական ճգնաժամի պատճառը, ամենայան հավանականությամբ, երկրի բարդ տնտեսական վիճակն է։ Նա նշել է, որ տնտեսական բարեփոխումներն առ այսօր ձախողվում են, սակայն միջազգային հարաբերությունների տեսանկյունից հավանաբար փոփոխություններ տեղի չեն ունենա։ Հորդանանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցն է և տարիներ ի վեր ամենակայուն պետությունը։