Ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել՝ վերացնելով հայկականությունը․ դա հոգեբանական թերարժեքության բարդույթ է. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մենք տեսնում ենք՝ ինչպես է ադրբեջանական կողմը քանդում հայկական եկեղեցիները և մշակույթը, և դա մեզ համար անսպասելի կամ զարմանալի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավման միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան արդյունավետ է այդ աշխատանքը, դժվար է գնահատել, և ամեն դեպքում, մենք պետք է փորձենք, բայց փաստ է՝ կոթողները, սրբավայրերը վտանգված են, հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Եպիսկոպոսի պնդմամբ՝ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, հոգեբանական թերարժեքության բարդույթ է:
«Փորձում են ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել և բնականաբար, պետք է փորձեն պատմամշակութային այն շերտերը, որոնց մեջ կա հայկականություն, ոչնչացնել և ներկայացնել որպես թուրքական, իսլամական, որքան էլ դա զավեշտական թվա»,- նշեց նա:
Նա նաև անդրադարձավ վերջին զարգացումներին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և ընդգծեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող բարեկամական լինել:
«Ես զերծ կմնամ զգացական այնպիսի բառապաշար օգտագործելուց հայ-թուրքական հարաբերությունների մեջ՝ թշնամի կամ սիրելի, քանի որ միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ և առարկայական իրավիճակներ և այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել»,- ասաց նա:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նաև անդրադարձավ Սուրբ Զատիկին և նշեց՝ ձվի համար չպետք է այդպիսի հերթեր գոյանան, իսկ մեռելոցն էլ պետք է լինի ոչ աշխատանքային, քանի որ աշխատանքային լինելու դեպքում գերեզմաններ այցելելը խնդրահարույց է դառնում:
«Կարծում եմ՝ չպիտի այնպիսի իրավիճակ լինի, որ խանութներում հերթեր գոյանան, այդպիսի պահանջարկ ձևավորվի սակավության պատճառով, պետք է ամեն բան նախապես պլանավորված լիներ՝ պահանջարկը բավարարելու ուղղությամբ: Մեռելոցների հետ կապված քննարկումներ միշտ եղել են, իսկ ես կարծում եմ՝ պետք չէ արհեստական խոչընդոտներ ստեղծել հատկապես այս օրերին, եթե աշխատանքային օր է սահմանվում, և մարդիկ չեն կարող գնալ գերեզմաններ՝ այն էլ ստեղծված իրավիճակում»,- ընդգծեց նա:










