Կանադան նախազգուշացրել է ավիաընկերություններին ռազմական սպառնալիքի պատճառով Ուկրաինայի վրայով թռչելու վտանգի մասին

15:46 • 05.04.21

Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել երկրի ավիաընկերություններին մեծ զգուշություն  ցուցաբերել Ուկրաինայի վրայով թռչելիս՝ ռազմական ակտիվության աճով պայմանավորված սպառնալիքի պատճառով:

Այս մասին ասվում է Կանադայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, կանադական ինքնաթիռներին խորհուրդ չի տրվում թռչել Ուկրաինայի արևելյան հատվածի և Ղրիմի վրայով՝ երկրի «անվտանգության անկայուն իրավիճակի» պատճառով:

«Ղրիմի թերակղզում ռազմական ակտիվության և հատուկ հակաօդային զենքի օգտագործման մեծ հավանականություն կա, որն իր հերթին բերում է սխալ հաշվարկների և թյուրիմացությունների հետ կապված սպառնալիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, կանադական ինքնաթիռներին խորհուրդ է տրվում չմտնել Սիմֆերոպոլի և Դնեպրոպետրովսկի մարզի օդային տարածք, ինչպես նաև մեծ զգուշություն ցուցաբերել Կիևի, Օդեսայի և Լվովի երկնքում թռչելիս: