Քրդական ուժերը 62 000 հոգանոց ճամբարում իրականացված հակահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալել են ԻՊ 125 զինյալի, այդ թվում՝ 20 բջջի ղեկավարի
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորումը, որի կազմում մեծապես քրդեր են, հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարում անցկացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում իրենց հաջողվել է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ենթադրաբար հարող 125 զինյալի:
Այս մասին գրում է sofrep.com-ը, նշելով՝ ընդարձակ վրանային ճամբարում բնակվել է 62 000 մարդ:
Նշվում է՝ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը տևական ժամանակ է, ինչ փորձում է ազատել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Հոլ ճամբարը «Իսլամական պետության» հավաքագրողներից: Խմբավորման ահաբեկիչները տարեսկզբից Ալ Հոլում մահապատժի են ենթարկել ավելի քան 40 մարդու:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հաղորդմամբ՝ գործողության առաջին փուլն ավարտված է: Քրդական զորքերը, որոնց թվաքանակը գերազանցում է 5000-ը, վրաններում որոնել են «Իսլամական պետության» անդամներին, որի արդյունքում ձերբակալվել է բջիջների 20 ղեկավար, որոնք պատասխանատու են եղել ճամբարի ներսում տեղի ունեցած սպանությունների համար:
Հիշեցնենք՝ Ալ Հոլը փախստականների համար նախատեսված ճամբար է, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Ալ Հոլ քաղաքի հարավային ծայրամասում, Սիրիա-Իրաք սահմանին մոտ: Այստեղ բնակվում են Իրաքի և Լևանտի իսլամական պետությունից տեղահանված անձինք:










