Ուժասպառ չլինելու համար LinkedIn-ն աշխատակիցներին 1 շաբաթով վճարվող արձակուրդ է ուղարկում
LinkedIn ընկերությունն այսօրվանից իր 15 900 աշխատակցի մեծ մասին ուղարկել է շաբաթական վճարվող արձակուրդ:
Այս մասին CNN-ին հայտնել է LinkedIn-ի մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Թուիլա Հանսոնը:
Նրա խոսքով, աշխատողների միայն հիմնական խումբը կշարունակի աշխատել, բայց հետո նրանք ևս կհանգստանան:
Նշվում է՝ LinkedIn-ը որոշել է արձակուրդ ուղարկել ամբողջ անձնակազմին՝ այդպիսով նրանց շնորհակալություն հայտնելով իրենց աշխատանքի համար և օգնելու խուսափել ուժասպառությունից:
«Մենք ուզում էինք համոզվել, որ կարող ենք նրանց իրական արժեք ներկայացնող ինչ-որ բան տալ, և հենց հիմա մենք զգում ենք բոլորի՝ ժամանակավորապես հեռանալու անհրաժեշտությունը»,- ասել է Հանսոնը և հավելել՝ արձակուրդում գտնվող աշխատողները վերադառնուն պես մեծ սթրեսի չեն ենթարկվի իրենց բացակայության ընթացքում կուտակված առաջադրանքների պատճառով:
Նա նշել է նաև, որ կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում իր աշխատողների շրջանում: 2020 թվականի ամռանն անցկացված հարցումը ցույց է տվել, որ աշխատողների մեծ մասը բողոքում է գերհոգնածությունից և ուժասպառությունից:
Խնդիրը լուծելու համար ընկերությունը նախկինում ներմուծել է վերապատրաստման դասընթացների և «առանց հանդիպումների օրերի» պրակտիկան, որի ընթացքում անձնակազմը կարիք չունի մասնակցելու Zoom հարթակի միջոցով անցկացվող հեռավար հանդիպումներին:
Հիշեցնենք՝ LinkedIn-ն ամերիկյան սոցիալական ցանց է, որի նպատակն է օգնել օգտատերերին բիզնես կապեր գտնելու և հաստատելու հարցում: LinkedIn-ն ունի ավելի քան 500 միլիոն գրանցված օգտատեր, որոնք ներկայացնում են 200 երկրների 150 բիզնես ոլորտ:










