Թուրքիան ցույց է տալիս՝ ունի թշնամական վերաբերմունք ՀՀ-ի նկատմամբ. նման մոտեցման վերանայումը կարող է հիմք լինել ՀՀ-ի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման մասին․ Լիլիթ Մակունց
Յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևոր հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու մեր պետությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ազգային ինքնությունը և հիշողությունը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները զուգակցելը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ մոտեցումներ պետք է հստակեցվեն Թուրքիայի հետ հարաբերություններում, և արդյոք թշնամի երևույթի ընկալման մեջ փոփոխություններ են եղել։
«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն։ Նման բառ, նման մոտեցում չի հնչել։ Սա է իմ մոտեցումը հարցի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, պաշտոնյաները, որոնց խոսքը մեկնաբանության կարիք ունի, իրենք կմեկնաբանեն»։
Հարցին՝ ինչպես է պատկերացնում հայ-թուրքական հարաբերություններն այս պայմաններում, Մակունցը նշեց․
«Ես կարծում եմ, որ մինչև վերջերս Թուրքիան ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք լինել՝ մտածելու հարաբերությունների հաստատման մասին»։
Դիտարկմանը, թե Թուրքիայի՝ ակնհայտ ագրեսիվ հայտարարությունների ֆոնին պաշտոնական Երևանից հնչող կոչերը՝ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, ինչպես է պատկերացնում, Մակունցը շեշտեց․
«Մենք պետք է խորքային դիտարկենք յուրաքանչյուր հայտարարություն, չհնչեցնենք այնպիսի հայտարարություններ, որոնք չկան ենթատեքստում։ Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և փոփոխությունների համատեքստում են, և մենք՝ որպես պետական պաշտոնյաներ, պարտավոր ենք հաշվի առնել դրանք։ Դա բոլորովին այն մեկնաբանությունը չէ, որը հնչեցվում է։ Ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը մեր յուրաքանչյուրի առաքելությունն է»։
Հարցին՝ տեսնո՞ւմ է իրեն հաջորդ խորհրդարանում, Մակունցը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ցուցակները դեռ չեն քննարկել։
Անդրադառնալով ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու խոսակցություններին և քննարկումներին՝ Մակունցը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ շեշտելով, որ այդ կապակցությամբ հայտարարություն արդեն արել է։










