Սլովենիան թրոմբի առաջացման հետ կապված խնդրի պատճառով սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

14:37 • 05.04.21

Սլովենիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ ժամանակն է դադարեցնել մինչև 60 տարեկան բնակիչների պատվաստումն անգլո-շվեդական արտադրության AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային դեղամիջոցով, գրում է Deutsche Welle-ն:

Երկրի առողջապահության նախարարության մամուլի խոսնակի խոսքով, հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ, որ պատվաստանյութի օգտագործման և պատվաստված մարդկանց մոտ թրոմբի առաջացման միջև կապ կա: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախօրերին Մեծ Բրիտանիայում Oxford-ի և AstraZeneca անգլո-շվեդական ընկերության արտադրած պատվաստանյութի ներարկումից հետո 7 մարդ է մահացել թրոմբի հետ կապված խնդրի պատճառով:

Ընդհանուր առմամբ, մարտի 24-ի դրությամբ պատվաստված 18 մլն բնակչից 30-ի մոտ նման թրոմբներ են ի հայտ եկել: Դեռևս պարզ չէ, դա պատահականություն է, թե պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը: Ըստ դեղամիջոցները վերհասկող գերատեսչության՝ պատվաստանյութի արդյունավետությունը դեռևս գերազանցում է դրա հետ կապված վտանգը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը որպես նախազգուշական միջոց պատվաստում ստանալուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:

Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Նիդեռլանդները և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: