103 թուրք ծովակալ Մոնտրյոյի կոնվենցիայի հարցով քննադատական նամակ է հղել կառավարությանը. խորհրդարանի խոսնակը դա «ռազմական հեղաշրջման ակնարկ» է որակել
Թուրքիայում թոշակի անցած 103 ծովակալների նամակի հրապարակմանը հաջորդած բողոքի ալիքը վկայում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ներսում առաջացող տարաձայնությունների մասին:
Այս մասին գրում է Ahval News-ը` նշելով, որ նամակում ծովակալները զգուշացրել էին որևէ որոշում չկայացնել, որը կարող է խաթարել Մոնտրյոյի միջազգային կոնվենցիան, որով կարգավորվում է նավերի երթևեկությունը, ինչպես նաև մուտքն ու ելքը Սև ծով և որը, ըստ ծովակալների, թույլ տվեց Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և, ընդհանուր առմամբ, ապահովում է խաղաղությունը Սև ծովում:
Երկրում մտավախություն է առաջացել, որ Էրդողանը կարող է դուրս գալ կոնվենցիայից: Դրա համար պատճառ է դարձել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը, որի համաձայն` «նախագահն իրավունք ունի դա անել, եթե ցանկանա»: Հետագայում Շենթոփը մեկնաբանել էր իր հայտարարությունը` ասելով, որ խոսքը նման մտադրության մասին չի եղել:
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դատապարտել են ծովակալների նամակը: Էրդողանի ներկայացուցիչ Ֆայրեթին Ալթունը քննադատել է նամակի հեղինակներին` վերջիններիս անվանելով «օտարերկրա իշխանությունների կամակատարներ»: Շենթոփն, իր հերթին, նամակն որակել է որպես ռազմական հեղաշրջման ակնարկ:
Քաղաղագիտության պրոֆեսոր Գյոքհան Բաչիկը կարծիք է հայտնել, որ բառերի այս պատերազմը կարող է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ձևավորված իսլամիստների, ուլտրաազգայնականների և քեմալականների դաշինքում ներքին պառակտման ազդանշան լինել:
Բացի այդ, ծովակալները իշխանություններին մեղադրել են բանակի իսլամացման համար:










