Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսն ու դրանց պակաս ստեղծել աշխարհում. Չինաստանի ԱԳ նախարար
Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը և այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին հարցազրույցում, որն ապրիլի 5-ին հրապարակվել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ աշխարհում ամրապնդվել Է «պատվաստանյութային ազգայնականությունը»:
«Հարուստ երկրները, որոնց բաժին Է ընկնում աշխարհի բնակչության 16 տոկոսը, ձեռք են բերել աշխարհում պատվաստանյութերի 60 տոկոսը: Որոշ զարգացած երկրներ պատվիրել են այնպիսի քանակություններ, որոնք երեք – չորս անգամ գերազանցում են իրենց սեփական բնակչության թիվը»,- ասել Է նա:
«Միևնույն ժամանակ դա պարզորոշ հակադրություն Է կազմում այն բանին, որ զարգացող շատ երկրներ պատվաստանյութերի լուրջ պակասի են հանդիպում, ոչ քիչ պետություններ դժվարին կացության մեջ են նույնիսկ մեկ դեղաչափ ստանալու հարցում»,- նշել Է նախարարը:
«Պատվաստման (տեմպերի) այդ խզումը (զարգացած և զարգացող երկրների միջև) ներկայումս դառնում Է տհաճ և ափսոսանքի արժանի իրականություն»,- հավելել Է Վան Ին:
Ինչպես նա նշել է, Չինաստանը պատվաստման ապահովման գործում օգնություն Է ցույց տվել ավելի քան 80 երկրի և երեք միջազգային կազմակերպության, ինչպես նաև այդ պատրաստուկների առևտրային մատակարարումներ Է իրականացրել աշխարհի ավելի քան 40 երկրի: Միևնույն ժամանակ ՉԺՀ-ն պատվաստանյութերի մշակման և ստեղծման հարցում համագործակցում Է 10 երկրի հետ և մտադիր Է ամբողջ աշխարհում ստեղծել դրանց արտադրության և բաշխման տարածաշրջանային կենտրոններ:










