«Կախված է բանակի բարեփոխումներից, որոնք այժմ իրականացնում ենք». Փաշինյանը պատասխանել է «Ինտերֆաքս»-ի` ՌԴ-ից նոր ռազմական վարկ վերցնելու մասին հարցին
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հայաստանյան թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին:
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե Հայաստանն արդյոք դիտարկո՞ւմ է զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի տրամադրման հարցը, ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը, և ո՞ր թվականին է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության ներկայիս վարկը, Փաշինյանը ասել է. «Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայում իրականացնում ենք: Այս փուլում ես իմաստ չեմ տեսնում քննարկել ֆինանսավորման աղբյուրները և կառուցվածքն անջատ այն նպատակներից և խնդիրներից, որոնք կկանխորոշվեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ և սահմանված ժամկետում կսպասարկվեն»:










