Տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը. ՊԵԿ նախագահ
Համավարակով պայմանավորված՝ տնտեսական կանխատեսումները և սպասումները շատ անորոշ են, անկանխատեսելի։ Դրա համար պետք է սպասել և նոր միայն գնահատականներ տալ։ Կլինի երկնիշ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյո՞ք Հովհանիսյանը համակարծիք է, թե տնտեսությունը վերականգնվում է, վերջինս պատասխանեց. «Այդ ամենը գնահատելու համար պետք է հետևել վիճակագրական տվյալներին: Առկա տնտեսական ցուցանիշները ու վիճակագրական տվյալները՝ թե՛ առևտրաշրջանառության ծավալները, թե՛ հավաքագրված հարկերը, և ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծությունը փաստում են, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են վկայում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»:
Խոսելով վերջին շրջանում քննարկվող այն հարցի մասին, թե վերջինիս հայրը շատ ակտիվ ներգրավված է եղել Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի կազմակերպման, քաղաքացիներին հավաքելու գործում՝ Հովհաննիսյանն արձագանքեց, որ իր ընտանիքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չի էլ զբաղվում:
«Հայրս համայնքի ղեկավար է՝ 2008 թվականից սկսած, անկուսակցական է, սա կարևորեք, նա որևէ քարոզարշավի, այցի համայնքից դուրս երբեք չի ներգրավվել: Բնակիչներին որևէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գնալու է իրենց համայնք և մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»,-ասաց նա:
Տնտեսական ստվերումների մասին խոսելով՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեռ վաղ է այս մասով գնահատականներ տալ, քանի որ ստվերը կա և միշտ լինելու է, իսկ թե քանի տոկոս է ստվերը կազմում, վերջինս նշեց, որ դեռ գնահատում են, և աշխատանքներն ընթացքի մեջ են:










