Սպիտակ տունը մեկնաբանել է Johnson & Johnson-ի գործարանում պատվաստանյութի 15 մլն չափաբաժնի կորուստը

09:38 • 06.04.21

Ամերիկյան Johnson & Johnson ընկերության`Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի գործարանում պատվաստանյութի բաղադրիչները խառնելիս թույլ տված սխալը, որը հանգեցրել էր պատվաստանյութի 15 մլն չափաբաժնի կորստի, չի ազդի երկրում պատվաստման գործընթացի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր քաղաքացիների պատվաստման գործընթացում «չի ապավինում միայն Johnson & Johnson-ի և AstraZeneca-ի պատվաստանյութերին»։

«Մենք նախկինի պես հույս ունենք բավականաչափ չափաբաժին ունենալ, որպեսզի մինչև մայիսի վերջ պատվաստենք բոլոր ամերիկացիներին»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Johnson & Johnson ամերիկյան ընկերության` Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի գործարանում պատվաստանյութի բաղադրիչները խառնելիս թույլ տված սխալը հանգեցրել է պատվաստանյութի 15 մլն չափաբաժնի կորստի։

Հայտնի է, որ դրա պատճառը մարդկային գործոնն է եղել։ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) դեպքի առնչությամբ ստուգումներ է անցկացնում:

Նշենք, որ ԱՄՆ-ում հավանություն է ստացել երեք պատվաստանյութ՝ Pfizer/BioNTech-ը, Moderna-ն և Johnson & Johnson-ը: