Հս. Կորեան որոշել է բոյկոտել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

15:43 • 06.04.21

Հյուսիսային Կորեան առաջին երկիրն է, որը հայտարարել է, որ կորոնավիրուսի մոլեգնող համավարակի ֆոնին չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին, գրում է Associated Press-ը։

Հյուսիսային Կորեայի սպորտի նախարարության կայքը հաղորդում է, որ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 25-ին կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացրել չմասնակցել Խաղերին՝ մարզիկներին «համաշխարհային առողջապահական ճգնաժամից» պաշտպանելու համար։

Նշվում է, որ որոշ երկրներ նույնպես դիտարկում են Օլիմպիական խաղերին չմասնակցելու հնարավորությունը, քանի որ մտավախություն ունեն՝ այն կարող է խորացնել վիրուսի տարածումը:

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ COVID-19-ի ֆոնին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել օտարերկրացիների գնած տոմսերի գումարը: