«Շինծու և անիմաստ պատրվակով խափանում են բանակցությունները»․ ՌԴ Պետդումայում մեկնաբանել են Դոնբասի հարցով բանակցային հարթակը փոխելու վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

17:09 • 06.04.21

Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ելենա Պանինայի կարծիքով` Դոնբասի շուրջ բանակցային հարթակը փոխելու մասին Ուկրաինայի հայտարարությունները նպատակ ունեն շինծու և անիմաստ պատրվակով խափանել բանակցությունները, ինչը Կիևի ռեժիմը չէր համարձակվի անել, եթե չհրավիրվեր «արևմտյան գործընկերների» կողմից:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքների հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երկուշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը չի մեկնի Մինսկ Դոնբասի վերաբերյալ եռակողմ շփման խմբի բանակցությունների համար, եթե դրանք վերսկսվեն առկա ձևաչափով: Նրա խոսքով ՝ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է «որոնել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք»:

Պատգամավորը լրատվական գործակալությանն ասել է, որ Բելառուսի հետ կապված Կիևի վարքը պարզապես քմահաճույք է և նշել, որ Բելառուսը նույնն է, ինչ 2015 թվականին։ Նա շեշտել է, որ բանակցությունների համար նոր հարթակ գտնելը շատ բարդ է։ Ըստ Պանինայի, նման հայտարարությունը միտում ունի Կիևը դուրս բերել Մինկսի գործընթացից։

«Փաստորեն, մենք խոսում ենք բանակցային պլատֆորմի լուծարման մասին, որը վեց տարի շարունակ բավական գոհացուցիչ էր բանակցային կողմերի համար: Փաստորեն, սա բանակցությունների խափանում է շինծու և անիմաստ պատրվակով՝ «արևմտյան գործընկերների կողմից»: Միևնույն ժամանակ, պատմությունը սովորեցրել է, որ միշտ և ամենուր բանակցությունների խզումը հանգեցրել է պատերազմի բռնկման», - եզրափակել է պատգամավորը: