ՆԱՏՕ-ն «բաց դռների» քաղաքականություն է վարում և ակնկալում է, որ Ուկրաինան կզարգացնի սեփական պաշտպանական ներուժը

20:40 • 06.04.21

ՆԱՏՕ-ն «բաց դռների» քաղաքականություն է վարում նոր անդամների ընդունման հարցում, սակայն ակնկալում է, որ Ուկրաինան կկենտրոնանա ներքին բարեփոխումների և սեփական պաշտպանությունը դաշինքի չափանիշների համաձայն զարգացնելու վրա:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին հայտարարությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին:

«Ուկրաինան արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և վերջին տարիներին մենք ավելի շատ ենք առաջ գնացել ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ գործնական համագործակցության ասպարեզում:

ՆԱՏՕ-ն «բաց դռների» քաղաքականություն է վարում դաշինքին անդամակցության հարցում, դաշնակիցները հավատարիմ են 2008 թվականին Բուխարեստում ընդունված որոշումներին: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կշարունակի կենտրոնացնել ջանքերը ներքին բարեփոխումների վրա, համախմբել իր ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդել օրենքի գերակայությունը և զարգացնել սեփական պաշտպանական ներուժը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ հայտարարելով, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: