«ՀՀ Զինված ուժերում սկսվել են լայնամասշտաբ բարեփոխումներ, որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»․ Փաշինյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ժամանակակից զենքերով համալրելը համարում է գերակա խնդիր։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել է և լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, և այդ հարցը միշտ ուշադրության կենտրոնում կլինի», - ասել է Փաշինյանը և հավելել, որ «Հայաստանի Զինված ուժերում լայնամասշտաբ բարեփոխումներ են սկսվել, որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»։
Անդրադառնալով բարեփոխումների ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությանը՝ Փաշինյանն ասել է․ «Պետք է ասեմ, որ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել բանակի լայնամասշտաբ բարեփոխումներին, և, բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում, և փորձագիտական մակարդակում անհրաժեշտ կապերն արդեն հաստատվել են։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը, որով շատ հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը, հաջողությամբ կշարունակվի»։
Փետրվարի վերջին տեղի ունեցած կառավարության նիստում, Փաշինյանը հայտարարել էր անվտանգության ոլորտում, մասնավորապես բանակի բարեփոխման գործընթացում, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Նա հայտարարել էր Պաշտպանության նախարարի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է զինված ուժերի բարեփոխման ճանապարհային քարտեզի ժամանակացույց կազմի։ Վարչապետի խոսքով՝ այս գործընթացում հայկական կողմը մտադիր է սերտ համագործակցություն հաստատել անվտանգության ոլորտում առաջնային գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ:










