«Սուրմալու» առևտրի կենտրոնում գիշերը հրդեհ է բռնկվել. այրվել են տաղավարներ՝ գույքով (տեսանյութ)

09:54 • 06.04.21

11։07

Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին հետհանգեցման աշխատանքներ են տարվում, ներգրաված է 4 միավոր տեխնիկա: «Աշխատանքներ հիմա գրեթե չկան, փլված հատվածներում մանր-մունր փոքր ծխացող հատվածներ են: Հրդեհի պատճառի վարկածների առումով տեղեկություն չունեմ»:

Առևտրի կենտրոնում տաղավարներից մեկի տերն ասաց, որ կրած վնասի մասին վերջնական ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ վերջնահաշվարկ չեն արել: «Երեկ, որ աշխատանքից գնացինք, ամեն ինչ նորմալ էր: Հրդեհը շատ մեծ է եղել, վնասը շատ մեծ է»:



9։54 

Մարտի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։