Ստեղծված իրավիճակում մարդկանց եկամուտները բարձրացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն կա. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)

15:38 • 07.04.21

Ինֆլյացիայի այսօրվա տեմպի պայմաններում, երբ գնաճի վրա ազդող գործոնների չեզոքացման դրական հեռանկարներ չկան, առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ մարդկանց եկամուտները բարձրացնելու: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է  «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով եկամուտների ինդեքսացիայի միջազգային փորձի մասին:

«Միջազգային պրակտիկայում ինդեքսացիայի կիրառությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես աջակցության գործիք: Իր կիրառման ընթացքում այս գործիքը բաժանվել է տեսակների ըստ իրականացման ձևերի և բնակչության ընդգրկվածության աստիճանի»,- նշել է Լ. Ամիրխանյանը:

Լիլիա Ամիրխանյանը նշել է, որ երկրները հիմնականում բաժանվում են չորս խմբերի. երկրներ, որտեղ ինդեքսացիան իրականացվում է մասսայական, երկրներ, որտեղ ըստ սոցիալական խմբերի կամ ոլորտային, երկրներ, որտեղ առհասարակ ինդեքսացիայի կիրառությունը կախված է կոնկրետ իրավիճակից և երկրներ, որոնք նման պրակտիկա չունեն:

«Հայաստանում ինդեքսացիայի տրամաբանությունն արտացոլված է կենսաթոշակների շեմի բարձրացման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մեջ»,- հավելել է Լ. Ամիրխանյանը:

Փորձագետը նշել է, որ գործընթացը ունի նաև մի շարք մարտահրավերներ և ռիսկեր: «Նախ պետք է ասել, որ եկամուտների ինդեքսացիան կարող է դառնալ ինֆլյացիայի լրացուցիչ խթան՝ պայմանավորված համախառն պահանջարկի կտրուկ աճով: Մյուս կողմից, գործատուների տեսանկյունից, վճարվող աշխատավարձերի բարձրացումը ենթադրում է լրացուցիչ հարկային բեռ: Բայց միջազգային պրակտիկան վեր է հանել այս խնդիրների չեզոքացման դրսևորումները: Մասնավորապես, ինդեքսացիա-ինֆլյացիա կապը  պետք է դիտարկել ժամանակային լագի առկայությամբ, այսինքն  այստեղ գործ ունենք որոշակի ժամանակային գործոնի հետ: Ինչ վերաբերում է հարկային բեռի ավելացմանը, ապա այս խնդրից ելնելով է նաև, որ երկրները դիմում են մասնակի ինդեքսացիայի, երբեմն՝ ըստ ոլորտների»,- ասել է փորձագետը:

Ըստ Լիլիա Ամիրխանյանի, հաշվի առնելով առկա ռիսկերն ու մարտահրավերները, ինդեքսացիայի գործընթացը պետք է ենթարկվի խորը  և համակողմանի ուսումնասիրության, բերած օգուտների ու հնարավոր վնասների հարաբերակցության հաշվարկով: «Սա որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել այս իշխանության օրոք՝ հաշվի առնելով կառավարչական ունակությունների բացասական նախադեպը, որը ցուցադրվել է»:

Ամիրխանյանի կարծիքով, հաշվի առնելով պահպանվող գնաճային ճնշումները, մարդկանց եկամուտներն ավելացնելու ուղղությամբ գործողություններն անհրաժեշտություն են:

«Իհարկե լավագույնը կլիներ Կառավարության կողմից այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կհանգեցնեն տնտեսական աշխուժության, հավելյալ արժեքի ստեղծման: Բայց նույն գնաճի հետ կապված մենք ստանում ենք երկու հիմնական ազդակ պատկան մարմիններից, որ կա՛մ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին է և խուճապի կարիք չկա, կա՛մ որ կա խնդիր, բայց պետք է դիմանալ: Այսինքն՝ պարզ է դառնում, որ այս ուղղությամբ առնվազն երևացող իրական գործընթաց չկա: Հետևապես, գուցե կա կարիք հենց ինդեքսացիայի գործընթացների ուսումնասիրություններ սկսել»,- ամփոփել է Լ. Ամիրխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: