«Դոնբասի շփման գծում իրավիճակը վատթարացել է. ամեն ինչ կանենք, որ «մեծ պատերազմ» չսկսվի»․ ԴԺՀ ղեկավար
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը Դենիս Պուշիլինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Դոնբասի շփման գծում իրավիճակի վատթարացման մասին, տեղեկացնում է vedomosti.ru լրատվականը։
Պուշիլինը նշել է, որ տարվա սկզբից ի վեր հարձակումների քանակը կրկնապատկվել է` համեմատած 2020 թվականի վերջին եռամսյակի:
«Շփման գծում առկա տեխնիկայի քանակը, անձնակազմը ցույց են տալիս, որ Ուկրաինան այժմ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»։
Միևնույն ժամանակ, Պուշիլինը նշել է, որ այժմ ընդհանուր մոբիլիզացիա իրականացնելու անհրաժեշտություն չկա՝ առկա մարտական ստորաբաժանումները բավարար են առաջադրանքներն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի «մեծ պատերազմ» չսկսվի:
Դոնբասի շփման գծում հակամարտությունը սրվել է փետրվարին։ Մարտի 26-ին Շումի քաղաքի մոտ հրետակոծության հետևանքով զոհվել է 4 ուկրաինացի զինվոր։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 1-ին ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծացնում է զորքերի ներկայությունը Ռոստովի, Բրյանսկի, Վորոնեժի մարզերի և Ղրիմի սահմանի մոտ:










