Վստահ չեմ, որ դատական իշխանության առանձին ներկայացուցիչներ անկախ են ընդհանուր առմամբ, նրանք անկախ են մեզանից, բայց չեմ պնդի, որ անկախ են այլ հանգամանքներից. Հայկ Գևորգյան
Դատական իշխանությունը, ստանալով գործադիր և օրենսդիր իշխանությունից իրական անկախություն, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, դատական իշխանությունը չարաշահեց այդ ազատությունը և ես վստահ չեմ, որ դատական իշխանության առանձին ներկայացուցիչներ անկախ են ընդհանուր առմամբ, նրանք անկախ են մեզանից, բայց չեմ պնդի, որ նրանք անկախ են նաև այլ հանգամանքներից. լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Մարտի 1-ի գործի կարճելուն և ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն:
Հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չէի՞ն շտապում իրենց գնահատականներում, երբ հայտարարում էին, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է,Գևորգյանը պատասխանեց, գործը բացահայտված է այնքանով, որքանով դատարան ներկայացված գործի մասնրամասներն են.
«Այնտեղ կան այնպիսի սարսափելի փաստեր, և այդ փաստերը ցույց են տալիս, թե ինչպես է տեղի ունեցել Մարտի մեկը: Ուրիշ հարց է, որ դատական ատյանում, քննարկումների փուլում արդեն երկու տարի գործը առաջ չի գնում: Գործը դատաքննության փուլ չի մտել, մենք փաստերը չենք ուսումնասիրել: Բայց դա չի նշանակում, որ պարկուճները չեն փոխանակվել, դա փաստ է, որ Մարտի մեկին կրակված փամփուշտները, որպես իրեղեն ապացույց հավաքել են, այնուհետև դրանք փոխարինվել են ուրիշ պարկուճներով: Ի՞նչ է դա նշանակում, որ մի ամբողջ պետական համակարգ գնացել է գործի կոծկման, իմ համար դա ապացուցված է»:
Անդրադառնալով տնտեսական ներկա իրավիճակին՝ Գևորգյանն ասաց, 2020 թվականի առաջին եռամսյակը եղել է փայլուն ժամանակաշրջան, որի ընթացքում մենք մոտ 8-9 տոկոս տնտեսական աճ ենք գրանցվել, մինչև համավարակի տարածումը և դրա հետևանքով սահմանափակումներ մտցնելը:
«Այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումների առումով մենք ունենք աճ՝ անցած տարվա այդ փայլուն ժամանակաշրջանի համեմատ: Դա նշանակում է, որ տնտեսությունը աշխուժացել է և տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում, այլ հարց է, որ բնակչության գնողունակությունը դեռ չի հասել այդ մակարդակին, բայց հարկային հավաքագրումների բարձր մակարդակը ցույց է տալիս, որ տնտեսվարողները իրենք արդեն առաջ են անցել և դա շոգեքարշի պես քաշելու է տնտեսությունը, ինչը դրական սպասումներ է առաջացնում»:










