Չկատարված խոստումների համար ներողություն ենք խնդրում ժողովրդից. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

17:13 • 07.04.21

Մենք ժողովրդից քվե ենք խնդրում, որպեսզի հետագայում կարողանանք իրականացնել մեր խոստումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:

«Մեր հասարակությունը շարունակում է դժգոհություններ ունենալ դատական համակարգից, և այստեղ մենք ունեցել ենք որոշակի բացթողումներ, մենք մեր հանդիպումների ժամանակ այդ մասով ներողություն ենք խնդրում ժողովրդից, որ որոշ խոստումներ չենք կարողացել իրականացնել և նաև նոր ընտրություններին մենք գնալու ենք այդ պատճառով, որպեսզի ստանանք վստահության քվե և կարողանանք մեր խոստումները կատարել»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի «Մարտի 1»-ի գործը կարճվեց, իսկ ՔՕ 300.1-ով մեղադրվողներ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը արդարացվեցին: Պատգամավորը ընդգծեց՝ դատարանները գործող իշխանությունից լիովին անկախ են, բայց այլ անձանց հետ կապված ոչինչ չի կարող հավելել:

«Մենք հայտարարել ենք՝ դատարանների գործունեությանը չենք միջամտելու և մեր մոտ առկա փաստաթղթերի հիման վրա հայտարարություններ ենք արել «Մարտի 1»-ի գործով: Ներկայումս մենք հաստատապես համոզված ենք, որ դատարանները նվազագույնը գոնե կիսով-չափ անկախ են, իսկ գործող իշխանությունից ամբողջապես անկախ են, իսկ այլ անձանցից կախված են, թե ոչ դա այլ հարց է և մեր նախընտրական խոստումներից մեկը պետք է լինի այն, որ դատարանների անկախությունը հասցվելու է առավելագույնի, որպեսզի որևէ մեկը որևէ ազդեցություն չունենա դատական համակարգի վրա»,- նշեց նա: