Թեհրանը հաստատել է Կարմիր ծովում իրանական նավում պայթյունի մասին տեղեկությունը

12:36 • 07.04.21

Թեհրանը հավաստում է Կարմիր ծովում իրանական Saviz նավում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը, որի պատճառները պարզվում են: Ապրիլի 7-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իրանական Saviz առևտական նավն աննշան վնասվել է ապրիլի 6-ին Կարմիր ծովում Ջիբութիի ափի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Դիվանագետը հավելել է, որ «պայթյունի պատճառները պարզում են»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել։ The New York Times-ի հաղորդմամբ՝ իրանական Saviz նավի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։

Թերթը նշում է՝ նավի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդել էին՝ Իրանի և աշխարհի խոշորագույն տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրին ամերիկյան մասնակցության վերականգնման շուրջ բանակցությունների առաջին օրվա ընթացքում առաջընթաց է գրանցվել: Իսրայելը վճռականորեն դեմ է այդ համաձայնագրի վերականգնմանը, որից նախկին նախագահ Թրամփի վարչակազմը հրաժարվել էր երեք տարի առաջ:

Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Saviz-ը վնասվել է ականով, որն ամրացված է եղել նավին․ նախնական տվյալներով միջադեպի հետևանքով կան զոհեր:

Ինպես հայտնում է The New York Times-ը, նավի վրա հարձակման համար իրանական թերթերը մեղադրում են Իսրայելին, մինչդեռ Իսրայելի պաշտոնյաները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Սակայն ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով, թերթին հայտնել է, որ իսրայելցիները Միացյալ Նահանգներին տեղեկացրել են՝ իրենց ուժերը տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հարված են հասցրել իրանական նավին:

Պաշտոնյան հայտնել է՝ իսրայելցիները հարձակումն անվանել են իսրայելական նավերի վրա իրանական հարվածների համար վրեժխնդրություն։