Ուկրաինան ականանետային հարված է հասցրել Դոնեցկի ուղղությամբ

14:24 • 08.04.21

Ուկրաինացի ուժայիններն այսօր առավոտյան ականանետային հարված են հասցրել Դոնեցկից հյուսիս գտնվող Վեսյոլոյե գյուղին:

Այդ մասին հայտնում է «Վզգլյադ» թերթը՝ հղում տալով հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությանը։

Գրասենյակի տվյալներով` գնդակոծությունը տեղի է ունեցել առավոտյան 7։13-ին՝ արձակվել է 120 միլիմետրանոց 12 ական։ Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ուժերը Լենինսկոյե գյուղի ուղղությամբ արձակել են 82 մմ տրամաչափի 14 ական:

Ինչպես ավելի վաղ տեսեկացրել է Tert.am-ը, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Վասիլի Վովկը հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում ՆԱՏՕ-ի միջամտության հետևանքով Կիևեը կարող է կորցնել վերահսկողությունը երկրի հարավ-արևելքի մի քանի շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հավաստիացրել էր Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակին՝ Կիևին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ Մոսկվան ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում և Սև ծովում՝ Ռուսաստանի սահմաններին հարող տարածքում, ռազմական ակտիվությունն ուժեղացնելու համար:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին Ղրիմի հետ սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին և ՆԱՏՕ–ի անդամ սահմանակից պետություններին կոչ արել բարձրացնել մարտական պատրաստությունը: