Բայդենը կվերականգնի պաղեստինցի փախստականների ֆինանսավորումը, որը դադարեցվել էր Թրամփի օրոք

11:42 • 08.04.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է պաղեստինցի փախստականներին աջակցող ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը վերսկսելու մտադրության մասին, որը դադարեցվել եր 2018 թվականին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը։

Բայդենի վարչակազմը վերականգնելու է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը տրվող ավելի քան 150 միլիոն դոլար հումանիտար օգնությունը, նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) օգնություն և այլ ծառայություններ է մատուցում Հորդանանի, Լիբանանի, Աջ ափի և Գազայի շրջաններում բնակվող շուրջ 5,7 միլիոն պաղեստինցի փախստականների և ողջունել է Միացյալ Նահանգների վերոնշյալ հայտարարությունը։

«Մեք ուրախ ենք, որ ևս մեկ անգամ համագործակցելու ենք Միացյալ Նահանգների հետ՝ Միջին Արևելքի ամենախոցելի փախստականներին կարևոր օգնություն տրամադրելու և միլիոնավոր փախստականների ամեն օր կրթելու և առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրելու մեր մանդատ ստանձնելու համար», - ասել է գորշակալության Գլխավոր հանձնակատար ֆիլիպե Լազարինին։

Բացի վերոնշյալ օգնությունից, Բլինկենի պնդմամբ, Միացյալ Նահանգները նախատեսում է ևս 75 միլիոն դոլար հատկացնել Հորդանան գետի ափին և Գազայի հատվածում տնտեսական և զարգացման օժանդակության ծրագրերին, ինչպես նաև 10 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով խաղաղության կառուցման ծրագրերին։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների բարգավաճմանը, անվտանգությանը և ազատությանը, ինչը կարևոր է «երկու պետության» ստեղծման հիմքով հակամարտության կարգավորման բանակցություններում», - հավելել է Բլինկենը։

Լրատվականը նշել է, որ Միացյալ Նահանգները միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել Իսրայելի հետ, սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները էլ ավելի են սերտացել։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելուց հետո այս քաղաքականությունը փոխվելու է, սակայն, ինչպես երևում է, նոր վարչակազմը հրաժարվում է փոխել Թրամփի քաղաքականության որոշ մոտեցումներ, ինչպես օրինակ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու որոշումը, կամ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորումը։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը, որը օժանդակություն է ցուցաբերում 700 հազար պաղեստինցի փախստականների, միշտ ենթարկվել է Իսրայելի ճնշմանը։

ԱՄՆ-ում և ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը չորեքշաբթի քննադատել է Բայդենի վարչակազմի որոշումը․ «Հակամարտությունը լուծելու փոխարեն գործակալությունն այն հավերժացնում է: Ֆինանսավորմանը ցանկացած վերադարձ պետք է կախված լինի էական բարեփոխումներից»։

Սակայն Պաղեստինի ինքնավարության ղեկավարը և ՄԱԿ-ը ողջունել են Էնթոնի Բլինկենի հայտարարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել էր Հորդանան գետի ափին և Գազայում կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ պայքարի համար հատկացնել է 15 միլիոն դոլար։