«Հավակոտ ծրագրեր իրականացնելու համար՝ հատկապես շինարարության ոլորտում, ներգաղթյալների պակաս ունենք»․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ երկիրը բավարար թվով ներգաղթյալներ չունի՝ հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պատասխանելով ներգաղթյալների նկատմամբ ռուսների բացասական վերաբերմունքի աճի և դա որպես հավանական սպառնալիք տեսնելու մասին հարցին՝ Պեսկովն ասել է․ «Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ ներգաղթյալների նկատմամբ ռուսների վերաբերմունքի մասին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին: Այնպես որ չեմ կարողանա մեկնաբանել և չեմ անի դա»:
Ապա Պեսկովը հավելել է, որ կարող է միայն նշել, որ փաստացի ներգաղթյալների թիվն անցյալ տարվա ընթացքում նվազել է։
«Մենք ներգաղթյալների պակաս ունենք հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար», - նշել է Պեսկովը և շեշտել, որ սա վերաբերվում է հատկապես շինարարական ոլորտին, որտեղ պետք է կառուցել ավելին, քան կառուցվում է։
Անդրադառնալով ներաղթյալների երեխաներին Պեսկովն ասել է․ «Իհարկե, Ռուսաստանը որպես պետություն, պետք է պայմաններ ապահովի ներգաղթյալների երեխաների համար, որպեսզի նրանք հարմարվեն ռուսական բազմազգ և բազմադավան հասարակությանը»։










