ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջիկա օրերին կքվեարկի Վաշինգտոնը երկրի 51-րդ նահանգը դարձնելու օգտին

14:02 • 08.04.21

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի ապրիլի 19-ից մեկ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը երկրի 51-րդ նահանգը դարձնելու օգտին։ Ներկայում Վաշինգտոնը վարչական տեսանկյունից հանդիսանում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը որևէ նահանգի մաս չէ:

Կոլումբիայի շրջանի պատվիրակ Էլեոնորա Հոլմս Նորթոնը Fox News-ին հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեն իր օրինագծի շուրջ կքվեարկի ապրիլի 14-ին: Այնուհետև կոմիտեն փաստաթուղթը քվեարկության կուղարկի անմիջապես Ներկայացուցիչների պալատ։

Ներկայացուցիչների պալատը, որը գլխավորում են դեմոկրատները, մի անգամ արդեն փորձել է Կոլումբիայի շրջանին նահանգի կարգավիճակ տալ, սակայն անցյալ տարի օրենքը չի հաստատվել ԱՄՆ Սենատում։

Կոլումբիայի շրջանում ապրում է ավելի քան 700 հազար մարդ՝ ավելին, քան Վայոմինգ և Վերմոնտ նահանգներում։ Բայց բնակիչները չունեն Կոնգրեսում ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական գործերի նկատմամբ լիակատար վերահսկողություն:

Նորթոնի նախաձեռնության համաձայն՝ 51-րդ նահանգի անվանումը կմնա Վաշինգթոն ԿՇ (Washington D. C), սակայն Կոլումբիայի շրջանի փոխարեն առաջարկվում է օգտագործել Դուգլաս Քոմնուելթ (Douglass Commonwealth՝ ի պատիվ գրող, սևամորթների իրավունքերի պաշտպան Ֆրեդերիկ Դուգլասի) անունը։

Նոր նահանգի կազմավորմանը կտրականապես դեմ են հանրապետականները։ Նրանց կարծիքով՝ դա դեմոկրատների կողմից իշխանության զավթման փորձ է, որը փորձում է ԱՄՆ Սենատում նժարը հակել դեմոկրատների օգտին։