Չոր խոտ է վառել, չի հասցրել փախչի. մանրամասներ՝ Ոսկեվազում տեղի ունեցած ողբերգական դեպքից. News.am
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, տարեց կինը չոր խոտեր վառելուց չի հասցրել դուրս գալ, ծխահարվել մահացել է։ Այս մասին News.am-ին հայտնեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
«Տղայի ընտանիքի հետ է ապրում, մի տուն այն կողմ իր աղջկա տունն է, աղջկա հողամասում է չոր խոտերը վառելուց եղել։ Աղջիկը Ռուսաստանում է: Չոր խոտ է, վառվել է, հիվանդ կին էր, չի հասցրել փախչի»,- պատմեց համայնքապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին, ժամը 16։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկին հարակից այգում տեղի է ունեցել հրդեհ․ կա այրված դի։
Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։
Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:










