«Դուրս եմ գալիս խմբից, բավակա՛ն է». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Անկարայում աթոռների հետ կապված աղմկահարույց միջադեպի ֆոնին

13:40 • 08.04.21

Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ Եվրամիության առաջնորդների Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված աղմկահարույց միջադեպի ֆոնին: 

«Վաղը ես դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավական է»,- իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ, «Առա՛ջ, հանրապետություն» նախագահական կուսակցության անդամ Բրունո Կեստելը:

Պատգամավորը կիսվել է մեկ այլ ֆրանսիացի պատգամավորի՝ Էրիկ Կիոտիի թվիթերյան գրառմամբ, որում վերջինս նշել է, որ «բռնակալ Էրդողանը շարունակում է նվաստացնել Եվրոպային»:

«Եվրահանձնաժողովի նախագահի համար տեղ չկա: Որտե՞ղ և ե՞րբ կավարտվի իսլամիզմի տարածումը: Ես կոչ եմ անում վերջնականապես փակել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը»,- ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, եվրախորհրդարանականներն իրենց վրդովմունքն են հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: 

Նախօրեին, ԵՄ հաստատությունների ղեկավարների և Թուրքիայի նախագահի պաշտոնական բանակցությունների ընթացքում Ֆոն դեր Լեյենը ստիպված էր բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով, վերջիններս զբաղեցրել էին երկու աթոռները, որոնք առկա են արարողակարգային լուսանկարման գոտում:

Ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նա նշել է, որ ցավում է, որ «Անկարայում անցկացված բանակցությունների ընթացքում աթոռների դասավորության հետ կապված միջադեպը ստվերել է Եվրամիության համար կարևոր այցը Թուրքիա»: 

«Չնայած ամեն ինչ ճիշտ անելու ձգտմանը, Թուրքիայի իշխանությունների կողմից արարողակարգային կանոնների խիստ մեկնաբանությունը հանգեցրել է շատ ցավալի իրավիճակի»,- հայտարարել է Միշելը և ենթադրել, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ թույլ է տրվել «արարողակարգային սխալմունք»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, որոշվել է ոչ թե սրել իրավիճակը, այլ շարունակել քաղաքական բանավեճերը թուրքական կողմի հետ: