ՌԴ-ն պատրաստ է աշխատել ՀՀ գործող, ինչպես նաև ցանկացած այլ իշխանության հետ, որը հանձնառու կլինի երկրների միջև ռազմավարական պարտավորություններին. Актуальные комментарии

21:19 • 08.04.21

Ապրիլի 7-ին Մոկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումը ցույց է տալիս Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի ներքին քաղաքականության հարցում, սակայն այդ բանակցությունների արդյունքում պետք չէ սպասել բեկումնային փոփոխությունների: Այս մասին գրում է Актуальные комментарии պարբերականը՝ ներկայացնելով մի շարք փորձագետների վերլուծությունները:

ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ հանդիպումը ցույց է տվել, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի գործող իշխանության հետ, ինչպես նաև ցանկացած այլ իշխանության, որը հանձնառու կլինի երկրների միջև ռազմավարական պարտավորություններին:

«Փաշինյանը երբեք կասկածի տակ չի դրել ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հայեցակետերը՝ Գյումրիի ռազմաբազան կամ ՌԴ դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Դա եղել է և մնում է այդպես: Իսկ ի՞նչ այլընտրանք կա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամն է, չպետք է մոռանալ դա: Ռուսաստանը ներհայկական քաղաքականության գործիքն է, այդ իսկ պատճառով և՛ գործող իշխանությունը, և՛ ընդդիմությունն այժմ մրցակցում են Մոսկվայի դիրքորոշման համար»,- կարծում է փորձագետը:

Նման իրավիճակում ռուսական կողմի համար կարևոր է, որ ընտրությունների ցանկացած հաղթող կամ կոալիցիոն կառավարությունը չկոտրեն տարածաշրջանում ստեղծված իրադրության փխրուն ճարտարապետությունը:

Մի շարք փորձագետներ նշում են, որ Փաշինյանը, Մոսկվա այցելելով, նպատակ էր հետապնդում բարձրացնել իր վարկանիշը ռուսաստանյան սփյուռքում՝ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: ՌԴ Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը ենթադրում է, որ Մոսկվա կատարած այցով Փաշինյանը նախատեսում էր պարզել՝ կաջակցի իրեն Ռուսաստանն ընտրությունների ժամանակ, թե ոչ: