Նավալնիի առողջական վիճակը վատանում է. փաստաբան

10:55 • 08.04.21

«Պոկրովսկի» գաղութի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հայտնել են, որ մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքներով նրա մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել: Այս մասին Дождь հեռուստաալիքին տեղեկացրել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան:

Միխայլովայի խոսքերով ՝ գաղութում Նավալնիին նշանակված բուժումը «անարդյունավետ է և կարող է վատթարացնել նրա վիճակը»: Հաստատության բուժանձնակազմը պնդում է, որ Նավալնին պետք է դիկլոֆենակ և նիկոտինային աղաթթու ընդունի, որոնք «բժշկության մեջ չեն օգտագործվում արդեն 30 տարի»: Նա կրկնել է նախօրեին Նավալնիի թվիթերյան օգտահաշվում արտահայտված միտքը առ այն, որ աշխատակազմը վախենում է հրավիրված բժիշկների կողմից ստուգումներից, քանի որ դրանով պարզ կդառնա, որ «իրենց գարշելի բուժումը հանգեցրել է նրա առողջական վիճակի վատացմանը»:

Միխայլովան նշել է, որ Նավալնին դեռ ցավեր ունի մեջքի ու ոտքի շրջանում: «Բացի այդ, նա կորցնում է զգայունությունը, բացի ոտքերից, այժմ ձեռքերն էլ են անզգայանում»,-ընդգծել է փաստաբանը: Նա նաև նշել է, որ ապրիլի 5-ին և 6-ին քաղաքական գործիչը բարձր ջերմություն է ունեցել:

Նավալնին մարտի 31-ից հացադուլ է հայտարարել` պահանջելով իր մոտ թողնել հրավիրված բժիշկներին: ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունը պնդում է, որ Նավալնիին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնությունը: