Ապրիլի 1-ից մինչ այսօր Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 35 դեպք. Օֆելյա Գրիգորյան
Այս ժամանակահատվածի կորոնավիրուսային հիվանդության վարակման ցուցանիշները կայուն են, քանի որ նախորդ տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ ավելի բարձր ցուցիչներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը։
«Օրական կատարվում է մոտ 45-70 թեստավորում, և առ այսօր մենք ապրիլ ամսվա ընթացքում գրանցել ենք 35 վարակման դեպք, և ես կարծում եմ՝ Արցախում վարակման ցուցանիշները բարձր չեն, քանի որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ցուցանիշները եղել են շատ ավելի բարձր՝ մոտ 1000 վարակման դեպք է եղել»,- ասաց Օֆելյա Գրիգորյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը նաև նշեց, որ համավարակով պայմանավորված՝ իրավիճակը վերահսկողության տակ է և խստացումների կարիք չկա:
«Ես կարծում եմ՝ համավարակի հետ կապված Արցախում վիճակը կայուն է և խստացումների կարիք չկա, մենք վերահսկում ենք իրավիճակը, դեռ չեն գրանցվել դեպքեր, երբ իրավիճակը եղել է մեր վերահսկողությունից դուրս և կարող եմ շեշտել՝ չկան ծանր դեպքեր: Ամեն վարակակիր մեկուսանում է, ստանում է համապատասխան ցուցումներ, կոնտակտավորները ևս մեկուսանում են»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Արցախում կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային վարակման 8 դեպք: Արցախում այս տարվա ընթացքում իրականացվել է 4936 հետազությունը, որից 640-ի մոտ դրական թեստի պատասխան է արձանագրվել:










