Հարավային Կարոլինայում հրաձգության հետևանքով 2 երեխա և 3 մեծահասակ է զոհվել

12:23 • 08.04.21

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ռոք Հիլ բնակավայրում զանգվածային հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել: Զոհերի թվում կա երկու երեխա` 5 և 9 տարեկան: Այս մասին տեղեկացնում է WRHI ռադիոկայանը:

Հրազենային ծանր վնասվածքներով մեկ մարդ ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Ներկայում նրա վիճակն անհայտ է:

Պարզաբանվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 7-ին` Յորքի շրջանի Ռոք Հիլ բնակավայրում գտնվող Մարշալ Ռոուդի վրա:

Յորքի շրջանի շերիֆի խոսնակ Թրենտ Ֆերիսը բացահայտել է դեպքի մանրամասները: Նա նշել է, որ ոստիկանությունը կասկածում է սպանվածների հարևանին: Հետախույզները ստացել նրա տանը խուզարկություն կատարելու հրաման: Միևնույն ժամանակ, Ֆերիսը չի նշել՝ կասկածյալը ողջ է, թե՞ մահացած:

Ըստ Յորքի շրջանի դատաբժշկի, որը հետաքննում է հանցագործության հանգամանքները, զոհվել են 60-ամյա Ռոբերտ Լեսլին և նրա կինը՝ 59-ամյա Բարբարա Լեսլին, ինչպես նաև նրանց երկու թոռները: Հինգերորդ զոհը՝ 38-ամյա Ջեյմս Լյուիսը, հայտնաբերվել է տան մոտ, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Նա աշխատում էր սպանվածների տանը:

Ֆերիսը հավելել է, որ գործի քննությունը շարունակվում է, բացի սպանվածների հարևանից, այլ կասկածյալներ չկան, բայց հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: