«Ցավալի է, որ Արևմուտքում դեղամիջոցներն ընկալվում են որպես աշխարհաքաղաքական գործիք». Լավրովը հերքել է Մոսկվայի և Պեկինի միջև «պատվաստանյութերի պատերազմը»
Ռուսաստանը և Չինաստանը ոչ մի «պատվաստանյութի պատերազմ» չեն վարում և չեն օգտագործում դեղամիջոցները որպես աշխարհաքաղաքական գործիք:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Վզգլյադ»-ը:
«Իհարկե, երբ Արևմուտքն ասում է, որ Ռուսաստանը և Չինաստանը պատվաստանյութերի հիբրիդային պատերազմ են վարում կամ վերջիններս օգտագործում են որպես աշխարհաքաղաքական գործիք, ցավալի է, քանի որ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում պատվաստումների խնդիրներին արևմտյան աշխարհում, և մասնավորապես Եվրամիությունում: Մենք երբեք անտեղի չենք քննադատում, չենք ուրախանում, չեն տրտնջում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ պատվաստանյութերի պատճառով: Միակ բանը, որ անում են մեր ԶԼՄ-ները, տպագրում և հեռարձակում են այն, ինչ հայտնում են ԵՄ լրատվամիջոցները»,- շեշտել է Լավրովը Ղազախստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան բախվում է «նոր տիպի համաշխարհային պատերազմի», որը կապված է հակակորանավիրուսային պատվաստումների հետ: Ֆրանսիայի առաջնորդը համոզված է, որ դա ինչ-որ իմաստով տեղի է ունեցել «պատվաստանյութերի օգնությամբ ազդեցություն գործելու Ռուսաստանի և Չինաստանի նկրտումների ֆոնին»: Մակրոնի ենթադրություններով՝ ստեղծված իրավիճակում եվրոպական երկրները պետք է անկախություն ցուցաբերեն պատվաստանյութերի արտադրության հարցում:
Նշենք՝ մարտին ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը ասել էր, որ Միությանը ռուսական «Սպուտնիկ V»-ն «բացարձակապես անհրաժեշտ չէ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այս հայտարարությունները, շեշտել էր, որ Մոսկվան ոչ մեկին չի պարտադրում իր պատվաստանյութը, բայց այստեղ հարց է առաջանում, թե ում շահերն է պաշտպանում Բրյուսելը:










