Ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել

11:52 • 09.04.21

Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների` 2021 թվականի ապրիլի 7-ին մահվան կապակցությամբ ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Վրաստանի պետական դրոշները կիջեցվեն ամբողջ երկրով մեկ`ապրիլի 10-ի 00:00-ից  մինչև Ապրիլի 11-ի  00:00-ն:

Հրամանը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Աբխազիայի 3 բնակիչ զոհվել է ապրիլի 7-ին`Աբխազիայից Ինգուր գետով Վրաստանի սահմանն ապօրինի կերպով հատելու փորձի ժամանակ:

Գետի ուժեղ հոսանքը տարել է նրանց, ինչի հետևանքով նրանք խեղդվել են:

Հայտնի է, որ Վրաստանի նախագահն ու ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ «շրջափակված Աբխազիայից դեպի Վրաստանի տարածք ապօրինաբար ներթափանցման փորձի ժամանակ Վրաստանի երեք քաղաքացու զոհվելու պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն` որպես օկուպացիոն ուժ»: