Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բախման ֆոնին բրիտանական բանակը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել․ Mirror

20:25 • 09.04.21

Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական բախման ֆոնին բրիտանական բանակը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել, գրում է Mirror-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

«Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի տեղակայումը մտահոգություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում։ Իրավիճակը մշտապես վերահսկվում է։ Ես դա կբնութագրեի որպես աճող ճգնաժամ»,- ասել է թերթի զրուցակիցը։

Բրիտանական կառավարությունը և ռազմական հրամանատարությունը նաև հայտարարել են, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին «տագնապով» են հետևում։

Ուկրաինայի արևելքում լարվածությունը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Դոնեցկում հրադադարի խախտման դեպքերը վերջին օրերին ավելացել են։ Վերջին օրերին իրավիճակը սրվել է նաև դիվանագիտական ճակատում։