«Մոսկվայում «Հայ փաստաբանների ասոցիացիայի» հետ հանդիպումը PR քայլ էր Փաշինյանի համար՝ ցույց տալու, որ բարևազուրկ չէ, հարցերի մեծ մասն էլ շողոքորթող և քաղաքական էին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

23:03 • 09.04.21

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում «Հայ փաստաբանների ասոցացիայի» հետ հանդիպման օրը երկար զրույց ունեցա այդ ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանի հետ, բայց նրանց պարզաբանումները հանդիպման շրջանակներում ինձ համար անբավարար էին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող հանդիպմանը, որը կազմակերպել էր ՌԴ-ի «Հայ փաստաբանների ասոցիացիան»:

«Ինձ այդ օրը զանգահարեց Ասոցացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը, մենք ունեցանք բավանդակային քննարկում: Հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կային կետեր, որոնք մեր զրույցի տարրին և բովանդակությանը չէին համապատասխանում: Եթե մենք հայ իրավաբաններ ենք կոչվում, պետք է մեկս մյուսի նկատմամբ բարոյական որոշակի սահմաններ ունենանք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այդ հանդիպումը քայլ էր՝ հանրությանը ցույց տալու, թե Փաշինյանը «բարևազուրկ» չէ, բայց ինքը կարծում է, որ նրան բարև տվողները պետք է պարսավանքի ենթարկվեն: «Այն մարդիկ, ովքեր ձեռքսեղմում են ունեցել Փաշինյանի հետ, պետք է ենթարկվեն հանրային պարսավանքի, դա իմ անձնական դիրքորոշումն է, ինձ համար դա անընդունելի է: Հանդիպումը PR էր, իսկ հարցերի մեծ մասը շողոքորթող և քաղաքական»,- նշեց նա:

Մելիքյանը նաև նշեց՝ Ասոցիացիան խաբել է իրեն, թե հանդիպումը ի սկզբանե պետք է լիներ փակ և առանց տեսախցիկների: «Այո, ինձ հավաստիացրել են, որ հանդիպումն ի սկզբանե եղել է գաղտնի, բայց ես վստահ եմ՝ ինձ խաբել են, այդ կազմակերպությունը հավատ չի ներշնչում, գուցե այդ կազմակերպության շատ փաստաբաններ լավ մարդիկ են, բայց ընդհանուր կազմակերպությունը վստահություն չի ներշնչում»,- նշեց իրավապաշտպանը:

Ռուբեն Մելիքյանը ընդգծեց՝ Հայաստանը արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում է ցնցումային իրավիճակում, բայց քաղաքական դաշտում քննարկման օրակարգում այլ հարցեր են: «Ցավոք, այն ինչի միջով մենք անցնում ենք, յուրաքանչյուրս պետք է գնահատենք՝ ինչ վերաբերմունք ունենք այս ամենի նկատմամբ, ես սա գնահատում եմ շարունակական երկրաշարժ: Պատերազմ են պարտվել ու ասում են՝ դե կյանք է, պատահում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում