Կիմ Չեն Ընն Աշխատավորական կուսակցությանը և ժողովրդին կոչ է արել պատրաստվել «ապագայի համար դժվար պայքարի» նոր փուլին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի Աշխատավորական կուսակցությանը և ժողովրդին կուսակցության 8-րդ համագումարի որոշումները կատարելու հարցում սպասվում է նոր «դժվար երթ», գրում է The Guardian-ը:
«Մեզ շատ խոչընդոտներ և դժվարություններ են սպասվում, բայց մեր կուսակցությունը երբեք չի ապավինում այն փաստին, որ մեր ժողովուրդը հանկարծ հնարավորություն կունենա ճանապարհ հարթել և իրականացնել սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման մեծ նպատակը և իդեալները»,- նոր կուսակցական կազմակերպությունների քարտուղարների համաժողովի փակման ժամանակ ասել է նա:
Նա հավելել է նաև, որ չկա որևէ բան, որին իրենք կարող են ապավինել կամ որի վրա կարող են հույս դնել:
«Մենք հավատում ենք միայն Կորեայի Աշխատավորական կուսակցության միլիոնավոր անդամների սրտերին, հատկապես նրա բջիջների հարյուր հազարավոր քարտուղարների սրտերին»,- ընդգծել է նա:
Իր խոսքում Կիմ Չեն Ընը տեղեկացրել է նաև իր նոր որոշման մասին:
«Ես որոշում եմ կայացրել դիմել կուսակցության բոլոր մակարդակների կազմակերպություններին, այդ թվում՝ Կենտրոնական կոմիտեին, կատարել մեկ այլ՝ ավելի բարդ «դժվար երթ», որպեսզի մեր ժողովրդին գոնե մի փոքր փրկենք դժվարություններից»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը և նշել, որ երկրի ժողովուրդը «հետևում է կուսակցությանը՝ մի քանի տասնամյակ հաղթահարելով բոլոր տեսակի դժվարությունները»:
Հիշեցնենք՝ Հյուսիսային Կորեան իր առաջին «դժվար երթը» կատարել է անցյալ դարի 90-ականների կեսերին, երբ երկրի տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր էր մի քանի տարի շարունակվող ջրհեղեղի պատճառով, որին հաջորդել էր երաշտը, որն էլ, իր հերթին, հանգեցրել էր մեծ սովի:










