Հակառակորդ կողմը երևի հերթական անգամ խաղի կանոններ է փորձում փոխել․ գերիների հարցով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան, կինոներից չե՞ք տեսել՝ գնում են, բանակցում են․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

12:10 • 09.04.21

Պայմանավորվածությունը խախտվել է, պատճառը հայտնի չէ, ենթադրությունների դաշտում եթե ասեմ, ապա հերթական անգամ, երևի, խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում գերիներին պահում են առաջին հերթին ՀՀ-ում լարվածություն առաջացնելու համար, դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ։

«Շարունակելու ենք գերիներին հետ վերադարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով։ Գերիների հարցով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան։ Կինոներից չե՞ք տեսել՝ գնում են, բանակցում են, եկեղեցին էլ կարող է դեր խաղալ, հանրապետության նախագահի կապերն էլ կարող են դեր խաղալ, բայց դրանք չերևացող գործընթացներ են»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե երևացող կողմն այն է, որ արդյունք չկա, պատգամավորն արձագանքեց, որ երևացողն այն է, որ կան արդյունքներ, որոնք չեն բավարարում ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև գերեվարվածների հարազատներին և ընտանիքի անդամներին։

«Դուք չնկատեցիք, որ գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ անմիջապես ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումից հետո։ Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը։ Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր, որ գերիներին ուղեկցեր ՀՀ»,-ասաց նա։

Հարցին՝ Մուրադովն անկարո՞ղ եղավ, Քոչարյանն արձագանքեց՝ ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառն ինքը դեռ չի կարող հնչեցնել․ «Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվել, բայց դա Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հնչեցնել չի կարող»։

Այն դիտարկմանն էլ, թե ՀՀ ԱԳ նախարարն ասում է՝ մեր պարտավորությունը կատարել ենք, սպասում ենք՝ Ադրբեջանն իր պարտավորություն անի, Քոչարյանն արձագանքեց․ «Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություններն էլ պետք է մասնակից լինեն այս խնդրի լուծմանը։ Գուցե ցանկություն կա, որ պարոն Պուտինն ու Էրդողանն իրար հետ մի հատ էլ խոսեն»,-նշեց նա։