Անհետ կորածների ու գերիների հարազատները երկու օր ՊՆ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո բացեցին դրանք, բայց դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից (տեսանյութ)

19:48 • 09.04.21

21:30

Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:

ՊՆ-ում հանդիպումից հետո գերիների և անհետ կորածների հարազատները բացեցին ՊՆ-ի մուտքերը:

Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը:

Ավելի վաղ նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ՝ պահանջով, որ պաշտոնյաները մոտենան իրենց, ոչ թե իրենց մի մասը ներս մտնի։

Տարածքում են մեծաթիվ ոստիկաններ։ Պարբերաբար ՊՆ շենք են ժամանել ուղղաթիռներ։  Նաև տեսանյութ էր տարածվել, որ ուղղաթիռով էվակուացնում են ՊՆ տարածքում գտնվող աշխատակիցներին։

Վերջին տվյալներով՝ ՊՆ-ից հայտնել են, որ համաձայն են հանդիպել քաղաքացիների հետ, սակայն այն պայմանով, որ բացվեն ՊՆ շենքի բոլոր մուտքերը, և ներս կարող են մտնել միայն 50 հոգի, սակայն ծնողները չեն համաձայնել այդ պայմանին։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանապետը ծնողներին փոխանցեց՝ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի: Նրա առաջարկը չստացավ ծնողների համաձայնությունը: